BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մերկելի քաղաքականությունը Թուրքիայի առնչությամբ վերածվում է ֆարսի

Մերկելի քաղաքականությունը Թուրքիայի առնչությամբ վերածվում է ֆարսի
09.11.2016 | 11:20

Թուրքիայի հետ միգրանտների հարցով գործարքի մեջ մտնելով՝ Եվրոպան Էրդողանից կախման մեջ ընկավ՝ խթանելով բացարձակ իշխանության նրա ֆանտազիաները: Թուրքիան վերածվում է բռնապետության՝ Die Welt-ի կայքում գրում է Ռոբին Ալեքսանդերը, նշելով, որ դա ողբերգություն է և Գերմանիայի համար:


Ընդդիմադիր քաղաքական գործիչներին գիշերով ձերբակալում են, լրագրողները ճաղերի հետևում են, խմբագրությունները փակվում են, իշխանությունները արգելափակում են ինտերնետը: Թուրքիայի բարեկամների վախը, որ Էրդողանը կարող է երկիրը վերածել նախագահական հանրապետության, դառնում է ոչինչ՝ համեմատության մեջ, թե ինչ է սպասում երկրին իրականում՝ Թուրքիան բռնապետության է վերածվում: Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիների համար, որ թուրքական ու քրդական արմատներ ունեն, դա ողբերգություն է, իսկ դաշնային կառավարության քաղաքականությունը Թուրքիայի առնչությամբ վերածվում է ֆարսի: Երբ Էրդողանը նոր-նոր էր սկսել ոչ ժողովրդավարական միտումներ դրսևորել երկրի ղեկավարման մեջ, Մերկելը նրան խստորեն քննադատում էր: Այսօր Բեռլինը զգուշություն է դրսևորում իսլամիստի առնչությամբ: Հիմնական սխալը գործվեց անցյալ տարի: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է: Աշխարհաքաղաքականության առումով Անկարան միշտ Արևմուտքի անփոխարինելի գործընկերն է: Բայց ճիշտ չէ Էրդողանին հատկացնել միգրացիոն ճգնաժամում ԵՄ-ի փրկչի դեր՝ դրանով սնելով բացարձակ իշխանության հասնելու նրա ֆանտազիաները: Այն ժամանակից Էրդողանը եվրոպացիներին ստիպում է բարձր գին վճարել, որ կանխում է սիրիացիների, աֆղանստանցիների, պակիստանցիների ու Հյուսիսային Աֆրիկայի միգրանտների մուտքը Գերմանիա:

Միլիարդները, որ արդեն տրվել են ավտոկրատին, կարելի է մարսել, բայց այլևս չի կարելի քաղաքական զիջումներ անել: Թուրքիայի համար վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է, եթե Անկարան իրավական պետության չափանիշներին համապատասխանեցնի իր հակաահաբեկչական օրենսդրությունը: Եթե Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները հանելը, արդեն չխոսենք ԵՄ-ին անդամակցության մասին, փախստականների վերաբերյալ համաձայնագիրը կատարելու Թուրքայի պայմանն է, համաձայնագիրը պետք է անվավեր ճանաչվի:


Ռոբին ԱԼԵՔՍԱՆԴԵՐ, Die Welt
Հ.Գ. Թե Ռոբին Ալեքսանդերի կարծիքը որքանով է կիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնում էր Թուրքիա՝ Էրդողանին աջակցելու և հետո էլ մշտապես նրան համարում էր Գերմանիայի դաշնակից ու բարեկամ, կերևա առաջիկայում: Համենայն դեպս՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «ԵՄ-ն և նրա անդամ երկրները մեծ անհանգստությամբ են հետևում Թուրքիայում վերջին իրադարձություններին»: Նրա գնահատականով՝ «մահապատիժը վերականգնելու մասին առաջարկով հանդես գալու հնարավորության ուսումնասիրությունը, խոսքի ազատության, այդ թվում՝ սոցիալական ցանցերի շարունակվող սահմանափակումները, ԶԼՄ-ների փակումները, երկրում ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահների կալանավորումները, մի քանի խորհրդարանականների ձերբակալությունները ծայրահեղ անհանգստություն են առաջացնում և կարող են թուլացնել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»: Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-ի անունից հայտարարել է. «Տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է վերադառնալ վստահելի քաղաքական գործընթացի և իրական քաղաքական երկխոսության»:
Թերևս և Գերմանիայի կանցլերն էլ հասկացել է, որ Էրդողանի անկեղծ ժպիտը բավարար չէ անկեղծ գործընկերության համար: ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների՝ Եվրահանձնաժողովի համար պատրաստված զեկույցում, որը ներկայացվելու Է նոյեմբերի 9-ին, բացասական գնահատական Է տրվում Անկարայի պատրաստվածությանը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Միխայել Ռոտը: «Եվրահանձնաժողովին, իրոք, բացասական զեկույց Է ներկայացվելու, արդեն ոչ առաջին անգամ: Նույնիսկ վերջին զեկույցը զգալի չափով քննադատական Էր: Եվրահանձնաժողովը շատ սթափ, շատ հստակ ու խիստ քննադատաբար կներկայացնի՝ ինչ վատ բան Է տեղի ունենում Թուրքիայում: Դա, ցավոք, չափազանց շատ Է»,- ասել Է դիվանագետը: Նրա կարծիքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Թուրքիայում, ոչ մի առնչություն չունի եվրոպական արժեքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության և ԶԼՄ-ների ազատության մեր ըմբռնման հետ»: 2017-ից կես տարով Իտալիան է ստանձնում ԵՄ նախագահությունը, գուցե վարչապետ Մատեո Ռենցին կարողանա անել ավելին, քան կանցլեր Անգելա Մերկելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ